Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյանը տեղեկացրել է, որ Երեւանում տեղի ունեցած համաժողովում անդրադարձ է եղել փախստականների ոտնահարված իրավունքներին եւ սոցիալական խնդիրներին: Ընդունված հռչակագրով էլ արձանագրվել է, որ միջազգային պայմանագրերի համաձայն՝ փախստականները եւ բռնի տեղահանվածները կամավոր վերադարձի իրավունք ունեն իրենց հայրենիք կամ հայրենիքի այն հատված, որտեղ հնարավոր է ապահովել նրանց ֆիզիկական անվտանգությունը, քաղաքական կամ քաղաքացիական իրավունքները: «Ինձ հետաքրքրում է ՀՀ կառավարության դիրքորոշումը բարձրաձայնված խնդիրների վերաբերյալ եւ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն, մարդկանց ոտնահարված իրավունքների մասով արդյո՞ք նախատեսում է որեւէ ինստիտուցիոնալ մոտեցում, որ տվյալ մարդկանց իրավունքները բարձրաձայնվեն միջազգային ատյաններում»,- հարց է հնչեցրել պատգամավորը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տեղյակ է համաժողովի մասին եւ արձանագրել, որ բարձրացված հարցերը լեգիտիմ են: Վարչապետի խոսքով Հայաստանում կան Բաքվի ու Սումգայիթի ջարդերի, Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած այլ գործողությունների հետեւանքով փախստական դարձած քաղաքացիներ: Նիկոլ Փաշինյանը փաստել է, որ կա նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ նրա շրջակա տարածքներից փախստականների խնդիրը, ինչն արձանագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: «Ես տեղյակ եմ նաեւ, որ համաժողովում ներկայացված են եղել նաեւ Նախիջեւանի հայության ներկայացուցիչները: Կարծում եմ, որ հարցը ծավալուն է եւ լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի»,- նշել է վարչապետը եւ հավելել, որ անհրաժեշտության դեպքում հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ կկազմակերպվի աշխատանքային քննարկում՝ հասկանալու համար, թե ինչ ակնկալիքներ ունեն այդ մարդիկ պետությունից, եւ դրանցից որոնք են Կառավարության սպասարկման տիրույթում:
Մանրամասները՝ տեսանյութում: